National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.11.2022
Մեր պատասխանն ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
1 / 1

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Շնորհակալություն, տիկին Խարալամբիդես,

Հարգելի՛ գործընկերներ,

Իրականությունը, որին բախվում ենք մեր օրերում, ոչ միայն բարդ է, այլեւ սարսափելի: Մեր երկրներից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել:

Ուկրաինայում շարունակվող պատերազմը հանգեցրել է Եվրոպայում անվտանգության ճգնաժամի, որը մեզ քիչ հնարավորություն է տալիս կենտրոնանալու այլ հակամարտությունների վրա: Այնուամենայնիվ, այս մոտեցումը սխալ է, քանի որ ճգնաժամերը միտում ունեն ոչ միայն սրվելու, այլեւ տարածվելու: Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին վճռական եւ համարժեք արձագանքի բացակայությունը նախադեպ ստեղծեց ուժի կիրառմամբ հարցերը «լուծելու» եւ ստիպելու աշխարհին հաշտվել դրա հետեւանքների հետ: Եթե մեկ ավտորիտար պետություն կարող է ագրեսիա սանձազերծել, գործել պատերազմական հանցագործություններ եւ մնալ անպատիժ, ինչո՞ւ որեւէ այլ ավտորիտար պետություն չպետք է մտածի, որ կարող է նույնպես փորձել եւ «հաջողել»:

Սակայն այսօր, փոխանակ պատասխանելու ադրբեջանական գործընկերների հայելային մեղադրանքներին, որը նրանց սովորական ռազմավարությունն է, ես ցանկանում եմ խոսել մեր արձագանքի մասին. ի՞նչ պետք է անենք մենք:

Ի տարբերություն միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների եւ պետությունների ղեկավարների, ովքեր Ադրբեջանին հուժկու ուղերձ ուղղեցին այն մասին, որ ագրեսիան չի կարող հանդուրժվել, մեր Խորհրդարանական վեհաժողովն ամոթալի կերպով չի անդրադարձել իրավիճակին հասցեական եւ հստակ հայտարարություններով:

Մեր պատասխանն ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին: Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելն ուղղակի եւ ահռելի վնաս է ժողովրդավարությանը՝ վերջինիս մենակ թողնելով այն վտանգավոր գաղափարի դեմ, որ ժողովրդավարությունները չեն կարող պաշտպանել իրենց, եւ  անվտանգությունն ավելի լավ է ապահովվում ոչ ժողովրդավարական միջոցներով, այսպես կոչված «ուժեղ ձեռքի» միջոցով: Այս ռիսկի իրականացման հետեւանքները չպետք է թերագնահատվեն ոչ միայն Հայաստանի կամ Կովկասյան տարածաշրջանի, այլեւ ԵԱՀԿ ավելի մեծ տարածաշրջանի համար:

Խոսելով գործնական քայլերի մասին՝ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման առաքելություն: Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության զեկույցի հասանելիությունը բոլոր մասնակից պետությունների համար էական նշանակություն կունենա՝ ապահովելով ԵԱՀԿ-ի հետագա ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ առանցքային դեր կխաղա նոր հնարավոր ագրեսիան կանխելու եւ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am